Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Նախագահի թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու հարցում»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղ               
 

Մայիս Մխիթարյանի Սողոմոն Թեհլիրյանը

Մայիս Մխիթարյանի Սողոմոն Թեհլիրյանը
13.07.2024 | 12:00

Արվեստում աստվածաշնչյան թեմաներով գործերը հաղթաթուղթ ունեցող Մայիս Մխիթարյանի անցումն այնպիսի հողեղեն, աշխարհիկ կերպարի կերտմանը, որպիսին Սողոմոն Թեհլիրյանն էր, անակնկալ էր ինձ համար, և ես մտավախությամբ ընդունեցի կտավի առաջին դիտողը, առաջնախոսքն ասողը լինելու առաջարկը:

Բարեբախտաբար, տեսածս ոչ միայն ձերբազատեց ներքին վախերից, այլև լավ առումով գլխեց ամեն ինչ։ Այն ոչ այլ ինչ էր, եթե ոչ նկարչի հոգու խորքում տևական ժամանակ ծրարված, խնամքով փայփայված ճամփորդություն առ նվիրական մեկը, ով եղերական ճակատագրի բերումով էր ձեռքը զենք վերցրել։

Թվում է՝ շունչը փչած արնախում նեռի գլխավերևում ատրճանակը ձեռքին հաղթ կանգնած Թեհլիրյան ասելիքից ի՞նչը կարող է առավել ազդու լինել, մանավանդ որ այդ անունը տալիս գիտակցությանդ մեջ ու աչքերիդ առաջ հառնող առաջին բանը կա՛մ վերը հիշատակված պատկերն է, կա՛մ դատարանի դահլիճում նրա ելույթը` «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» խոստովանությամբ:

Մ․ Մխիթարյանը գնացել է հերոսի ներաշխարհն ի տես անելու ճանապարհով: Հենց այս մոտեցմամբ է կառուցված Ս․ Թեհլիրյանի կերպարը, մարդ, ով ծնվել, աշխարհ էր եկել ապրելու, սիրելու, արարելու համար։ Տեսեք թե միտքն այդ ի՜նչ նրբությամբ է կտավին փոխանցվել և ի՜նչ հրաշալի գունազգացողությամբ է շեշտադրվել այն իրականությունը, որն ազնվածին հայորդուն պարտադրե՛ց դիմել զենքին։

Դառն իրականությունն արտացոլող մուգ կարմրի թանձր գունայնությանը հակառակ, որն առաջին հայացքից ա՛յն կարգի ճնշող տպավորություն է թողնում դիտողի վրա, որ ստիպում է եթե ոչ ընկրկել, ապա առնվազն քարանալ տեղում, այդ կարմրից, որը գրեթե ամբողջությամբ ներառել, աներևութացրել է նրա մարմինը, ահա այդ կարմրից, խախտած տարածություն ու ժամանակ, դո՛ւրս է հորդում Թեհլիրյանն իր ողջ ասպետականությամբ, ոգեղենությամբ, համբուրելի կերպարով։

Նայե՛ք մայիսմխիթարյանական այս ձոներգն ու Թեհլիրյանի աչքերում ինքնե՛րդ էլ կտեսնեք նկարչի տեսած տիեզերական խաղաղությունը, առ Լույսը, Կյանքը, Սերն ու Բարին ունեցած հավատն ու խոնարհումը։

ՈՒշադի՛ր դիտեք ու կտեսնեք՝ հերոսի բռնած վարդի շեշտադրմամբ, գեղեցիկի այդօրինակ փառաբանումով կերպարի ընկալման, նրա հոգու գաղտնարանները թափանցելու մեջ որքա՜ն դիպուկ, դիպուկի հետ որքա՜ն նրբին է եղել արվեստագետը։

ՈՒշադի՛ր դիտեք ու կտեսնեք նաև, թե ի՜նչ ուղղակի ու անուղղակի հուշումներ կան մի կողմից մարդուն կյանքից զրկելու մերժման (դրա ուղղակի հավաստումը վարդի թերթի դողն է կոշիկների սևի ֆոնին), մյուս կողմից ատրճանակն այնուամենայնիվ գործադրելու պատրաստ հերոսի վճռականության մասին։ Իրենց թեականության մեջ կերպարի մատների այս բազմախոսությամբ Մ․Մխիթարյանը հավասար զորությամբ ի ցույց է դրել ինչպես հերոսի կողմից արնոտ արարի մեղքի գիտակցման, այնպես և դրա համար երբեք և երբեք չզղջալու գաղափարը։

Այս վերջին մտքի առաջնայնությամբ ուշադրություն դարձրեք կտավի մեկ այլ խորհրդանշական տարրի վրա, որն իր թեև չշեշտադրված, սակայն ուղղորդող հավելյալ հուշումով ընդգծում է՝ Թեհլիրյանը ոչ թե մարդասպան մեկն է, այլ՝ արդարադատությո՛ւն իրականացրած անձնավորություն, իր ազգի վճիռն ի կատար ածած, վավերացրած ԴԱՏԱՎՈՐ։ Ասվածի առարկայական հավաստումը նաև նրա կրած պատմուճանն է, որն իր հատվածականության մեջ անգամ ցուցանում է այն կրողի ովությունը։

Հատկանշական երկու դիտարկում ևս։ Թեև հայտնի է, որ կատարյալ ոչինչ չկա, սակայն ստեղծագործության մեջ որքա՜ն անվրեպ է եղել գեղանկարիչը՝ ցանկացած դետալի ոչ միայն բացառման, այլև նվազագույն տեղաշարժի դեպքում կփլուզվի պատկերի կառուցվածքն, ու անդարձ կկորչի համանվագը, որը խորապես պայմանավորված է նաև կտավի ֆոնի ու կերպարի խորքի ձույլ միասնությամբ, դրանով իսկ նկարին հաղորդած այն կարգի դինամիկայով, որը դիտողի մոտ ստեղծում է տարածությունը ճեղքող, ընդառաջ եկող հերոսի կերպարը։

Մ. Մխիթարյանն իրեն շնորհված տաղանդի հզոր ուժով կերտել է Ս. Թեհլիրյանի ասպետական կերպարը: Այն տպավորիչ է, ազդեցիկ, ուղենշային, անվիճելիորեն աստվածային նախախնամության ծնունդ, որովհետև ազգին հավաքականության բերող գաղափարի առկայության պայմաններում է միայն գոյությունդ երաշխավորված, Երկիրդ՝ պաշտպանված, Արվեստդ՝ հոգի լցնող, Հայրենիքդ ու Տեսակդ վեհացնող, քեզ ազնվացնող ու աստվածացնող։


Ս. Թեհլիրյանի սույն ձոներգությամբ Մ. Մխիթարյանը երևելի անցում է ապահովել իր ստեղծագործությունում՝ սահմանելով քաղաքացիականության բարձր նիշ, զորավիգ ունենալով դժվար վարժությամբ սերտած իր արվեստը, բա՛րձր արվեստը, և ես բնավ էլ չեմ զարմանա, եթե սեփական լռությանը չափ տվող Կոմիտասին վրձնելուց հետո նկարիչը հրավիրի տիեզերքը հոգում ամբարած Թումանյանի, աստղերի հետ հավերժը քննության առած Համբարձումյանի, հայոց մյուս երևելիների հետ զրույցներին։
Բարձր նիշը սահմանված է, մնում է Ամենազորի օրհնությունը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 20414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ